Ես առաջին ձեռքից տեղեկություններ չունեմ ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին, այդ պատճառով պետք է զգույշ լինեմ իմ կողմից արվող ցանկացած առաջարկի հարցում։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի սոցիոլոգիայի եւ իրավունքի պրոֆեսոր Յոախիմ Սավելսբերգը։

Անդրադառնալով ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի վայրագությունների մասին  հարցին՝ ամերիկացի պրոֆեսորը նշեց. «Ես լսել եմ այդ դաժանությունների մասին Երեւանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ։ Բայց ես լուսանկարներ չեմ տեսել, ես նաեւ այնքան էլ լավ իրազեկված չեմ տիրող իրավիճակի մասին։ Եվ որպես օտարերկրյա հյուր՝ ես ձեռնպահ կմնամ ինչ-որ առաջարկներից։ Ես հույս ունեմ, որ լարվածությունը կթուլանա, շփման աղբյուրները բաց կմնան, եւ ապագա արյունահեղությունը երկու կողմից կբացառվի։ Դա գլխավորն է, ինչ ես կարող եմ ասել»։

Դիտարկմանը, թե նա չի կարծում արդյոք, որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Բաքվի ագրեսիան դադարեցնելու համար, Յոախիմ Սավելսբերգն ընդգծեց. «Ես միշտ համարում եմ, որ միջազգային հանրությունը պետք է դեր խաղա երկրների միջեւ հակամարտություններում։ Այն պետք է նպաստի լարվածության թուլացմանը»։