Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքո եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի` ս. թ. ապրիլի 25-ին, ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Գրեմմի» եւ բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների արժանացած՝ Էստոնիայի ազգային արական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Միկ Ուլեոյա) համերգով:
Նշենք, որ երգչախումբը հանրահռչակում է հայ հոգեւոր երաժշտության գանձերը` իր համերգային ծրագրերում մշտապես ընդգրկելով հայ կոմպոզիտորների գլուխգործոցները:
Հայաստանում արդեն երկրորդ անգամ հյուրընկալվող երգչախումբը կկատարի` Կոմիտասի, Մարտ Սաարի, Ալեքսանդր Լաատեի, Կոնստանտին Տուուրնպուի, Գեյվին Բրայարսի, Հենրիկ Օդեգաարդի, Ջովաննի Բոնատոյի, Գալինա Գրիգորեւայի ստեղծագործությունները:
Աշխարհահռչակ երգչախումբը երեւանյան համերգից առաջ, ապրիլի 23-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, հանդես է եկել Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում:





























