Արտաքին աղբյուրներից, հատկապես Ռուսաստանից Հայաստանի ստացած վարկային ռեսուրսների մի զգալի մասն ուղղվում է ռեալ տնտեսություն, որոնց մի մասն արդեն տեղ է հասել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Ընդհանուր առմամբ, որոշումներ կայացվեց վարկային ռեսուրսների զգալի մասն ուղղել ռեալ տնտեսություն, որի ընդհանուր փաթեթը դրամային արտահայտությամբ 185 միլիարդ դրամ է»,- ասաց նա ու հավելեց, որ դրանից մոտ 120 միլիարդ դրամի հատկացումներն ուղղվելու են տնտեսության խթանմանն ու զարգացմանը, որից 8,6 միլիարդ դրամն արդեն տեղ է հասել տնտեսություն:
«Մենք հիմա ինտենսիվ քայլեր ենք իրականացնում, որպեսզի մնացած ռեսուրսները նույնպես արագ հասնեն իրական տնտեսություն, տնտեսվարող սուբյեկտներին, փոքր ու միջին ձեռնարկատիրությանը, այդ թվում նաեւ խոշոր ձեռնարկություններին, որոնք հետո պետք է ռեալ արդյունք տան: Սակայն այս ռեսուրսների տեղաբաշխումը ժամանակ է պահանջում, քանի որ գործընթացն անցնում է մի քանի խողովակներով. կառավարություն, կենտրոնական բանկ, բանկային համակարգ, սուբյեկտներ, գրավադրման գործընթացներ, ձեւակերպումներ: Սրանք վարկային ռեսուրսներ են եւ մենք խիստ ենք վերաբերում այդ գործընթացներին, որպեսզի ապահովենք այդ վարկերի վերադարձելիությունը»,-ընդգծեց ֆինանսների նախարարը:Բացի դրանից, ըստ նրա, 50 միլիոն դրամ կառավարությունն ուղղել է փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Տ. Դավթյանը նկատեց, որ այդ դրամական ներարկումների ազդեցությունը տնտեսության վրա նկատելի կլինի միայն 4-րդ եռամսյակում:




























