«Ներկայումս կառավարությունն աշխատում 2010 թվականի բյուջեի ձեւավորման վրա, որը լինելու է իրատեսական եւ համեստ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հավելելով, որ այս տարվա բյուջեն կատարվում է էֆեկտիվ: «Չկա ոչ մի չբավարարված հայտ, կատարվում են բոլոր վճարումները եւ ճգնաժամը չի անդրադառնում բյուջեի ընթացիկ կատարման վրա: Անգամ կան սոցիալական ծախսեր, որոնք ավելացել են»,- նշեց նա, ընդգծելով, որ այս պահին հսկայական միջոցներ` մոտ 170 միլիարդ դրամ ունեն գանձապետական հաշվում:

«Այլ խնդիր է, որ խնայողական ռեժիմով ենք ծախսում այդ միջոցները, օրինակ 93 միլիարդ դրամի չափով ծախսեր են հետաձգվել 4-րդ եռամսյակ, սակայն որոշ ծախսեր էլ ավելացրել ենք, որոնք ուղղվում են աղետի գոտուն եւ ռեալ տնտեսության վարկավորմանը»,- ասաց Տ. Դավթյանը՝ հավելելով, որ այդ 93 միլիարդ դրամի փոխարեն 40-50 միլիարդ դրամի ծախսեր կկատարվեն այլ ուղղություններով, որի արդյունքում տարվա կտրվածքով բյուջեով նախատեսված 945 միլիարդ դրամի ծախսերի փոխարեն կունենանք 905-910 միլիարդի սահմաններում:

Հարցին, թե արդյոք բացառվում է, որ կառավարությունը հանդես գա բյուջեի ծախսերի կրճատման` սեկվեստրի, նախաձեռնությամբ, ֆինանսների նախարարը պատասխանեց, որ թեեւ ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց կառավարությունը սեկվեստրի մտադրություն այս պահին չունի: Հակառակը, կառավարությունը վարում է ընդլայնողական քաղաքականություն եւ ավելացնում է ծախսերը: «Սեկվեստրը եւս մեկ հարված կլինի ՀՆԱ-ին, եւ այդ դեպքում տնտեսության անկումն էլ ոչ թե 18,5 տոկոս կլիներ, այլ ավելի շատ»,- ընդգծեց նա: