Մերիլենդ նահանգի իրավապահ մարմինները հետաքննում են երեք մարդու սպանություն, որը երեք օրվա ընթացքում ենթադրաբար կատարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության պաշտպանության դաշնային ծառայության՝ աշխատանքից հեռացված սպան:
Ողբերգությունը, որը լարված է պահել ամբողջ Մոնթգոմերի օկրուգը ու հարեւան շրջանները ավարտվել է մայիսի 6-ի ցերեկը, երբ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալին: Ոստիկանությունն արդեն հայտնել է նրա անունը՝ 62 ամյա Էլալիա Թորդիլն է, որը մարտից «վարչական արձակուրդում» էր, այսինքն փաստացի հեռացված էր աշխատանքից ծառայողական խախտումների կասկածով:
Պետական օբյեկտների պաշտպանության ծառայության սպային կասկածում են նրա նախկին կնոջ՝ Գլեդիս Թորդիլի սպանության մեջ: Գլեդիսին սպանել էին մայիսի 5-ին Փրինս Ջորջ օկրուգի դպրոցի ավտոկայանատեղիում: Կինը նույնիսկ չի հասցրել մեքենայից դուրս գալ: Բացի դրանից հանցագործը վիրավորել էր մի տղամարդու, որը փորձել է նրան խանգարել:
Մայիսի 6-ի առավոտյան հրաձգության մասին նոր հաղորդագրություն է ստացվել: Այս անգամ հանցագործի զոհն էին դարձել երկու տղամարդ ու մի կին Բեթեսդա քաղաքի Westfield Mall առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղիում: Բոլոր տուժածներին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել, նրանցից մեկի կյանքը չի հաջողվել փրկել :
40 րոպե անց, երբ ոստիկանությունը հանցագործության վայրից ապացույցներ էր հավաքում, 911 ծառայությունը զանգեր է ստացել Aspen Hill առեւտրի կենտրոնին կից աավտոկայանտեղիում սկսված հրաձգության մասին՝ այնտեղ հանցագործը կրակել էր եւս մեկ կնոջ վրա, որը ստացված վիրավորումներից մահացել է:
Թորդիլին ձերբակալել են սրճարանից դուրս գալու պահին: Ատրճանակը հայտնաբերել են նրա մեքենայում՝ հիմա փորձագետները ուսումնասիրում են սպանության ենթադրյալ զենքը: Արդեն հայտնի է, որ դեռ մարտին սպան պարտավոր էր հանձնել զենքը ու ոստիկանի նշանը, հայտնում է «ՌԻԱ ՆՈվոստին»:
Միայն ենթադրյալ հանցագործին ձերբակալելուց հետո են իշխանությունները բացել դպրոցները, որոնք հրաձգությունից հետո անվտանգության նկատառումներով փակել էին:



























