Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր երկրին կոչ է արել պատրաստ լինել Հարավային Կորեայի հետ ուժի միջոցով վերամիավորմանը, եթե Փհենյանի դեմ ագրեսիա սանձազերծվի: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին նա հայտարարել է Կորեայի աշխատավորական կուսակցության 7-րդ համագումարում:
«Ժողովրդական բանակում անհրաժեշտ է պատրաստվածության ամենաբարձր մակարդակը պահպանել՝ մեր հանրապետության դեմ ամերիկյան իմպերիալիզմի եւ հարավկորեական ռազմատենչ սադրանքների դեմ: Եթե թշնամիները պատերազմ հրահրեն, հարկավոր է անգթորեն պատժել ագրեսորներին եւ ավարտել հայրենիքի վերամիավորման պատմական գործը»,- հյուսիսկորեական առաջնորդի ելույթից մեջբերում է տեղական «Նոդոն Սինմուն» պարբերականը:
Նա նաեւ կոչ է արել «հասարակության մեջ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի յուրաքանչյուր մարդ պատրաստ լինի երկրի վերամիավորմանը»:
Ավելի վաղ Կիմ Չեն Ինը հայտարարել էր, որ Փհենյանը կատարելու է միջուկային զենքի չտարածման պարտավորությունը:




























