Սիբիրցի երկրաբան Իննա Սաֆոնովայի ղեկավարությամբ գիտնականները Տյան Շանի լեռներում հեռավոր անցյալում անհետացած օվկիանոսի հնագույն կղզիների բելորներ են հայտնաբերել, իրենց բնույթով կղզիները մոտ են ժամանակակից Հավայիներին, երեքշաբթի հայտնում է Նովոսիբիրսկի պետհամալսարանի (ՆՊՀ) մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Գիտնականների միջազգային խմբի հետազոտությունների արդյունքները, որոնց թվում Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչներ են, հրապարակվել են գիտական հեղինակավոր Gondwana Research ամսագրում: Իննա Սաֆոնովան ՆՊՀ-ի Երկրաբանա-երկրաֆիզիկական ֆակուլտետի Երկրի մանտիայի փորձարարական երկրաքիմիայի եւ քարագիտության լաբորատորիայի աշխատակից է, ինչպես նաեւ ՌԳԱ ՍԲ-ի Երկրաբանության եւ հանքագիտության ինստիտուտի մագմատիզմի եւ հանքակազմավորման լաբորատորիայի աշխատակից:
Մամուլի ծառայությունից ճշտել են, որ ներկայիս Տյան Շանի տեղում օվկիանոսի գոյության ժամանակի եւ նրա չափերի վերաբերյալ վեճերը վաղուց են առկա երկրաբանների շրջանում: Այժմ գիտնականները կարծում են, որ Թուրքեստանյան (Հարավային Տյան-Շանյան) պալեոօվկիանոսը (կամ պալեոծովը) գտնվել է Ղազախստանյան եւ Տարիմյան պալեոմայրցամաքների միջեւ, որոնք ներկայումս միասնական Եվրասիական մայրցամաքի մաս են կազմում:
«Մենք հարավային Տյան Շանի (Ղրղզստան) լեռնային համակարգերում օվկիանոսային կղզիների բեկորներ ենք հայտնաբերել: Խոսքը ոչ միայն օվկիանոսային հանքատեսակների մասին է, որոնք նախկինում օվկիանոսի հատակում են եղել. այդ դեպքում իրոք հնարավոր է տարընթերցում` խորը, խորը ծայրամասային ծով, թե օվկիանոս: Սակայն մենք հենց օվկիանոսային կղզիների բեկորներ ենք հայտնաբերել եւ տարբեր նշաններից ելնելով` կարողացել ենք ճշտել դրանց տարիքը: Պարզվել է, որ դա հրաբխային կղզիների շղթա է, որը գոյություն է ունեցել ամբողջ դեւոնյան ժամանակաշրջանում. 415-ից մինչեւ 360 մլն տարի, այսինքն մոտ 55 մլն տարի: Դա շատ շատ է», — հաղորդագրությունում մեջբերվում են Սաֆոնովայի խոսքերը:
Հետազոտողն ընդգծել է, որ խոսքը կղզիների շղթայի մասին է, որոնք իրենց կառուցվածքով, կազմով եւ տարիքով շատ նման են աշխարհում օվկիանոսային հրաբխայնության ներսալիկային ամենահայտնի օբյեկտին (այսինքն օվկիանոսի մեջտեղում ի հայտ եկած)` Հավայան կղզիներին: Գիտնականների հաշվարկներով, հնագույն Թուրքեստանյան օվկիանոսն իր մեծությամբ կարելի է համեմատել ժամանակակից Հնդկականի հետ:
Գիտնականների տվյալներով, հնագույն օվկիանոսը, այն սահմանափակող մայրցամաքների իրար ընդառաջ շարժմանը զուգահեռ «փակվել է» եւ արդյունքում ընդհանրապես անհետացել է: Մայրցամաքների բախման վայրում լեռներ են առաջացել, որոնց հետ բարձրացել են նաեւ հնագույն օվկիանոսի որոշ հատվածներ:




























