Քալիֆորնիայի համալսարանի պատմության պրոֆեսոր Փոլ Սոնինոն «The Search for the Man in the Iron Mask: A Historical Detective Story» գրքում պնդում է, որ իրեն հաջողվել է պարզել Լյուդովիկոս XIV-ի ժամանակների՝ Երկաթե դիմակ կրող խորհրդավոր բանտարկյալի ինքնությունը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Discovery-ն:
Երկաթե դիմակով մարդու իսկական անունը շարունակում է գաղտնիք մնալ պատմաբանների համար: Նա բանտարկվել է 1669 թվականին եւ Բաստիլում ու ֆրանսիական այլ բանտերում է անցկացրել ավելի քան 30 տարի՝ մինչեւ մահը՝ 1703 թվականը:
«Գիտնականները համակարծիք են, որ բանտարկյալի անունն Էստաշ Դոժե է. նա ոչ միշտ է դիմակով եղել, եւ իրականում դիմակը թավշյա է եղել»,- պնդում է Սոնինոն: Իր գրքում նա պնդում է, որ Դոժեն կարդինալ Մազարինիի կամերդիները՝ անձնական սպասավորն է եղել:
Ըստ հեղինակի, կամերդիները կարող էր ենթադրել, որ Մազարինիի հարստության մի մասը գողացվել է Անգլիայի թագավորից եւ թագուհուց, ինչի համար նրան բանտ են ուղարկել՝ սպառնալով, որ եթե նրա ինքնությունը բացահայտվի, հրաժեշտ կտա կյանքին:




























