ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հրապարակել է էներգետիկ շուկաների մասին նոր կանխատեսում, որն ընդգրկում է մինչեւ 2040 թվականը: Գերատեսչության գնահատականով՝ մինչ այդ նավթը կթանկանա ու կհասնի բարելի դիմաց 141 դոլարի:
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հրապարակել է մինչեւ 2040 թվականի համար էներգետիկ շուկաների մասին նոր կանխատեսում: Ըստ գերատեսչության կանխատեսումների՝ նավթի համաշխարհային գները, որոնք 2011-ին բարելի դիմաց շուրջ 115 դոլարից նվազել ու 2015-ին հասել էին 50 դոլարի, նշված ժամանակահատվածում աստիճանաբար կվերականգնվեն: Ակնկալվում է, որ մինչեւ 2040-ը նավթի գինը կհասնի բարելի դիմաց 141 դոլարի, նշում է փաստաթուղթը:
2012-ի համեմատ նավթի օրական գործածման ավելացումը կկազմի 31 մլն բարել: Սա մոտավորապես հավասար է ԱՄՆ –ում ու Չինաստանում ընթացիկ պահանջարկին, նշում է Bloomberg-ի սյունակագիր Լաեմ Դեննինգը:
ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը պահանջարկի նվազագույն ավելացում է ակնկալում նաեւ Եվրոպայի ու Եվրասիայի երկրներում՝ այդ թվում Ռուսաստանում: Մինչեւ 2040-ը այդ պահանջարկը կավելանա 14 տոկոսով: Կանխատեսման մեջ թույլ աճի պատճառն են անվանում տարածաշրջանի բնակչության կրճատումը ու էներգաարդյունավետության զգալի բարձրացումը, որը կապահովվի խորհրդային ժամանակների հին սարքավորման փոխարինման հաշվին:
Դեննինգի կարծիքով նավթի պահանջարկի զգալի աճի օգտին են վկայում բնակչության թվաքանակի ու նրա եկամուտների աճը, մանավանդ զարգացող երկրներում: Բայց հակափաստարկներից են ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակումներին ուղղված քայլերը, տեխնոլոգիաների զարգացումը էլեկտրական մարտկոցների ու ինքնավար տրանսպորտային միջոցների ոլորտում:
Bloomberg-ի սյունակագիրը կարծում է, որ աճող պահանջարկը բավարարելու համար առաջիկա 25 տարիներին ՕՊԵԿ-ի երկրները ստիպված կլինեն ավելացնել արդյունահանումը: Ըստ կանխատեսման Ռուսաստանում մինչեւ 2040 –ը բնական գազի արդյոնահանումը կավելանա 283 մլրդ խորանարդ մետրով, հիմնականում Արկտիկայում ու երկրի արեւելյան ռեգիոններում նոր հանքավայրերի մշակման հաշվին: Ընդ որում այդ ժամանակահատվածում գազի համաշխարհային արդյունահանման աճի 44 տոկոսը բաժին կընկնեն Չինաստանին, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին:





























