Գյուղատնտեսության անկումը 8 ամիսների կտրվածքով կազմում է 18 տոկոս, ինչի հետեւանքով ՀՆԱ աճը դանդաղել է։ Գյուղատնտեսական անկման ազդեցությունը ՀՆԱ-ի վրա վիճակագիրների կողմից գնահատվում է մինուս 3,2 տոկոս։

Միջազգային պրակտիկայում տարբեր կառույցների կողմից անընդհատ հնչեցվում են գյուղատնտեսական բերքի վերաբերյալ կարճաժամկետ կանխատեսումներ, ինչը շուկայի ներդրողների համար ծառայում է որպես ուղեցույց։ Հայաստանում եւս գյուղատնտեսության նախարարությունը առանձին կուլտուրաների գծով ժամանակ առ ժամանակ հրապարակում է կանխատեսումներ, սակայն դա անկանոն բնույթ է կրում։ Հաշվի առնելով այն դերակատարումը, որ ունի գյուղատնտեսությունը մեր ՀՆԱ կառուցվածքում, թերեւս նպատակահարմար է ավելի ընդհանրական ներկայացնել գյուղատնտեսության իրավիճակը առաջիկա ամիսներին։

Նշենք, որ գյուղատնտեսական անկումը հիմնականում տեղի է ունեցել բուսաբուծության գծով, թեեւ ոչ մեծ անկում կա նաեւ անասնապահության մասով (2,2 տոկոս)։ Սակայն, այնուամենայնիվ, վճռորոշը բուսաբուծության 30 տոկոս անկումն  է։

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ բուսաբուծության այս անկումը աշնանային ամիսներին էապես կթուլանա։ Մի քանի կուլտուրաների գծով այս տարի գրանցվել է ռեկորդային ամենաբարձր բերքը վերջին տասնամյակում։ Առաջին հերթին դա վերաբերում է խաղողին։ Անցյալ տարվա 208 հազ. տոննայի համեմատ այս տարի հավանաբար կհավաքվի առնվազն 230 հազ. տոննա խաղող։ Սպասվում է նաեւ ընկույզի եւ հոնի ռեկորդային բարձր բերք։ Խնձորի բերքը կլինի ավելի քիչ, քան նախորդ տարի, սակայն անկումը էական չէ։ Սրա շնորհիվ մասամբ կփոխհատուցվի կորիզավորների անբերրիությունը։ Եթե անցյալ տարի հավաքվել էր 332 հազ. տոննա պտուղ եւ հատապտուղ, ապա այս տարի սպասվում է, մեր գնահատմամբ, 250 հազ. տոննայի սահմաններում։

Բանջարաբոստանային կուլտուրաների մասով եւս բերքը վատ չէ։ Սակայն այստեղ եղանակները որոշ ճշգրտումներ են մտցրել։ Սովորաբար լոլիկի եւ մի շարք այլ բանջարաբոստանային կուլտուրաների բերքի պիկը լինում է օգոստոսին։ Սակայն մայիսի անձրեւների պատճառով սեզոնը «հետ է ընկել», ուստի պիկը կլինի սեպտեմբերին, որն էլ կարտահայտվի վիճակագրական աղյուսակներում։ Սրա հաշվին գյուղատնտեսության անկումը էապես կփոքրանա։ Բանջարանոցային կուլտուրաների բերքը վերջին տարիներին սովորաբար բարձր է 800 հազ. տոննայից, հիմքեր չկան ենթադրելու, որ այս տարի ավելի պակաս կլինի։

Ցածր բերք է սպասվում կարտոֆիլի մասով՝ կապված կարտոֆիլի ցանքատարածությունների կրճատման հետ։ Կարտոֆիլի ռեկորդային բերքը մեզ մոտ եղել է 2008-ին, երբ հավաքվել է մոտ 650 հազ. տոննա։ Անցյալ տարի ավելի պակաս էր՝ 593 հազ. տոննա, սակայն իրացման խնդիրներն  ավելի սուր էին, քանի որ դադարեցին դեպի Վրաստան արտահանումները։ Այս տարի, մեր գնահատմամբ, կունենանք մոտ 500 հազ. տոննա բերք կամ 20 տոկոս անկում։

Վերջին ամիսների տեղումների սակավությունը, բնականաբար, պետք է ազդի նաեւ հացահատիիկայինների բերքի վրա։ Հավանաբար՝ կունենանք ցորենի նվազագույն բերքը վերջին 5 տարիներին, այսինքն՝ ավելի պակաս 145 հազ. տոննայից։

Այսպիսով՝ գյուղատնտեսության անկման տեմպը աշնան ամիսներին էապես կկրճատվի։ Եթե անասնապահությունում աճ լինի, ապա հնարավոր է՝ գյուղատնտեսության անկումը ամբողջովին չեզոքացվի։ Այս զարգացումների արդյունքում, բնականաբար, ՀՆԱ աճը նորից կգերազանցի 4 տոկոսը։

Սամվել Ավագյան