Ադրբեջանում «Շահիդլար» թուրքական մզկիթը, որում ապրիլ ամսվանից վերականգնողական աշխատանքներ են ընթանում, ամենայն հավանականությամբ, երբեք չի բացվի, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան կրոնական գործերով խորհրդական Մուզաֆար Շահինը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

""Շահիդլար" մզկիթը չի բացվելու։ Մենք հույս էինք դնում ռամազան տոնի վրա, բայց այս ամիս էլ մզկիթի բացումը չեղավ։ Թե երբ կբացվի այն, չեմ կարող ասել։ Ամենայն հավանականությամբ այն չի բացվի",- ասել է Շահինը։

Դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը, իր հերթին, հայտնել է, որ ապրիլին վերանորոգման նպատակով փակված մզկիթում որոշակի աշխատանքներ են իրականացվել։ Ըստ նրա, չնայած այն բանին, որ ներկայումս կան աղոթելու հնարավորություններ՝ մզկիթը փակ է. «Երեւում է՝ չարժե հույս դնել մզկիթի բացման վրա։ Ադրբեջանում կան մարդիկ, որոնք պատասխանատու են այս հարցում։ Մենք լիազորված չնք մզկիթի բացման որոշում կայացնել»։

Պետական կոմիտեի Կրոնական կառույցների հետ աշխատելու բաժնի վարիչ Գյունդուզ Իսմայլովի խոսքերով, ներկայումս Ադրբեջանում կրոնական համայնքների վերագրանցման գործընթաց է գնում. "Համայնքները գրանցվում են մզկիթներում։ Կրոնական համայնքների վերագրանցումից հետո միայն կարող է վերանայվել «Շահիդլար» մզկիթի հարցը։

Մինչդեռ, ինչպես նախկինում հայտնել է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վերանորոգումը միայն պատճառաբանություն է հանդիսանում մզկիթի փակման համար։ Գործակալության տվյալներով, Ադրբեջանում շատ կարճ ժամանակահատվածում նաեւ հանվել է Յասամալյան շրջանում կառուցվող մզկիթը եւ ավերվել է «Նավթային քարերում» մզկիթը, «Իլախիյաթ» մզկիթի մուտքը սահմանափակ է, որը նույնպես գտնվում է Բաքվի Յասամալյան շրջանում։

Բարդինյան եւ Եվլախյան շրջանների մզկիթների քանդման փորձեր են եղել։ Այս ամենի հետ մեկ տեղ, ադրբեջանական իշխանությունները իրենց գործողությունների պատճառների մասին ոչ մի բանական բացատրություն չեն տալիս։