Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում նրա տարածքից կարող է արտաքսվել երեք մլն եվրոպացի: Այդ մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, հայտնում է The Telegraph-ը:
Լորդերի պալատում կառավարության ներկայացուցչին հարց է տրվել. «Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, մտադիր եք արդյոք ինքնաբերաբար թույլ տալ, որ թագավորության տարածքում գտնվեն ԵՄ-ի անդամ երկրների այն քաղաքացիները, որոնք արդեն հաստատվել են այստեղ»: Պատասխանը տվել է Ռիչարդ Կինը` Շոտլանդիայի գլխավոր դատախազ եւ ՆԳՆ-ի աշխատակից: «Եթե Մեծ Բրիտանիան քվեարկի Եվրոպական Միությունից դուրս գալու օգտին, կառավարությունը հնարավոր ամեն ինչ կանի երկրում դրական իրավիճակի պահպանման համար, սակայն ԵՄ-ի օրենքով նման քաղաքացիների իրավունքները չեն երաշխավորվի», — հայտնել է նա:
Նախարարության խոսնակը Politicshome ռեսուրսին հաստատել է, որ այդպիսին է գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը: Նման հայտարարությունները ՆԳՆ-ի վրա թափել են ԵՄ-ի այն խորհրդարանականների քննադատության հեղեղը, որոնք հանդես են գալիս դուրս գալու օգտին: «Ակնհայտ է, որ այստեղ օրինական հիմունքներով գտնվող ցանկացած եվրոպական քաղաքացի մնալու իրավունք կստանա: Ցանկացած այլ կարծիք ուղղակի անհեթեթություն է: Այդ ամենը ցույց է տալիս, թե որքան հուսահատ է կառավարությունը եւ ԵՄ-ի հետ միասնության կողմնակիցները», — հայտնել է Պահպանողական կուսակցության անդամ Փիթեր Բոունը, հայտնում է Lenta-ն:
Մեծ Բրիտանիայում Եվրամիությանը թագավորության անդամակցության հնարավոր դադարեցման մասին հանրաքվեի նախապատրաստության ֆոնին սրվում է բանավեճը դրա կազմում մնալու նպատակահարմարության մասին: Քվեարկությունը պիտի տեղի ունենա հունիսի 23-ին:





























