Վիեննայում այժմ քաղաքական գործընթաց է ընթանում, մինչդեռ հասարակությունը չգիտի՝ ինչ է քննարկվում այնտեղ: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«Վիեննայում այժմ Արցախի հարցն է քննարկվում... 45 օր է անցել ապրիլի երկուսից, սակայն, առ այսօր չեն լուծվել ռազմական նշանակության մեր խնդիրները»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքով` չպետք է թույլ տալ, որ որեւէ մեկն իր կաշին փրկելու համար օգտագործի զոհված մեր զինծառայողների արյունը:
Ճակատի անդամ Գարեգին Չուքասզյանը նույնպես համոզված է, որ պետք չէ դրական արդյունքներ սպասել Վիեննայում կայանալիք հանդիպումներից:
«Ապրիլի երկուսի դեպքերից հետո երեք տարբերակ կար` ջայլամի քաղաքականություն վարել, ջուրը վերցնել եւ գնալ դեմ-դիմաց` անընդհատ հոգնելով, կամ մեր անվտանգությունն ապահովելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել, որը չի արվել: Այս իրավիճակում պետք է բոլոր տեսակների մոբիլիզացիա լինի, որը չի արվել»,- ասաց նա:
Վերջին 45 օրերը, ըստ Չուքասզյանի, ապացուցեցին, որ ժողովուրդը կհավաքվի միայն վստահության դեպքում. «Պետք է ճնշելով ստիպենք իշխանություններին` կտրուկ փոփոխություններ եւ քայլեր անելու համար»:





























