Ստոքհոլմի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ծագումով Ռուանդայից Շվեդիայի 61-ամյա հպատակ Կլավիե Բերինկինդիին: Նա մեղավոր է ճանաչվել 1994 թվականին Ռուանդայում թութսիների ցեղասպանությանը մասնակցության մեջ: Դատարանը նրան նաեւ պարտավորեցրել է զոհվածների ընտանիքներին ավելի քան 90 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել:
Ըստ Lenta-ի, երկրում մեծամասնություն կազմող հութու ցեղի ներկայացուցիչ Կլավիե Բերինկինդին Ռուանդայի իրադարձությունների ժամանակ ոչ մեծ զինված ջոկատի հրամանատար է եղել:
Բերինկինդին Շվեդիա է եկել 2002 թվականին: 2014-ի սեպտեմբերին Ռուանդայի իշխանությունների հայցով նրան ձերբակալել են: Այդ ժամանակ նա արդեն Շվեդիայի հպատակ է եղել եւ չէր կարող արտահանձնվել այլ պետության: Այդ պատճառով թագավորության իշխանություններն ինքնուրույն են ավարտել հետաքննությունը եւ գործը դատարան փոխանցել:
1994 թվականին Ռուանդայում խոցեցին երկրի նախագահին՝ հութու ցեղի ներկայացուցիչ Ժյուվենալ Հաբիարիմանային փոխադրող օդանավը: Հութուները կատարվածի մեջ մեղադրեցին թութսիներին եւ սկսեցին զանգվածաբար կոտորել նրանց: ՄԱԿ-ի տվյալներով, հակամարտության ամենասուր շրջանում ավելի քան 800 հազար մարդ է սպանվել:




























