Հայ- լեհական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի համանախագահողներ Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ու Լեհաստանի զարգացման փոխնախարար Ռադոսլավ Դոմագալսկի Լաբեդզկին մայիսի 17-ին ստորագրել են արձանագրություն ՝ հանձնաժողովի հինգերորդ նիստի արդյունքներով:

Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքով միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը բավականին լայն էր: «Օրակարգում տնտեսության գրեթե բոլոր ոլորտների ՝ գյուղատնետսության , էներգետիկայի , տրանսպորտի , բնապահպանության , առևտրի , ներդրումների , զբոսաշրջության , նույնիսկ արտակարգ իրավիճակների ու ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներն են» ,- նկատեց Մելքոնյանը: Ըստ փոխնախարարի՝ հաստատվել են վերականգնվող էներգետիկայի ու զբոսաշրջության ոլորտներում հայ- լեհական համատեղ ծրագրերը: «Գյուղատնտեսության մասով հաստատվել է համատեղ ծրագրերի իրականացման ծրագիրը ՝ տեխնոլոգիական տրանսֆերտը Հայաստան փոխադրելու միջոցով: Արտակարգ իրավիճակների մասով բավականին հետաքրքիր ծրագրեր կան ՝ փորձի փոխանակության ոլորտում: Ներդրումների մասով մենք ներկայացրել ենք Հայաստանի օրենսդրությունը: Եվ պետք է ասել , որ լեհական պատվիրակությունում արդեն կան ձեռնարկությունների ներկայացուցիչներ , որոնք շահագրգռված են ներդրումներ անել Հայաստանի տնտեսությունում ու համատեղ ընկերություններ ստեղծել» ,- շեշտել է Գարեգին Մելքոնյանը: