Մայիսի 17-ին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունից մի քանի ժամ անց շփման գծում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի զինծառայողներ են զոհվել, գրում է Reuters գործակալությունը:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում առաջինն էր մարտական գործողությունների վերսկսումից հետո, գրում է գործակալությունը՝ հավելելով, որ ապրիլին տասնյակ զինվորներ են զոհվել, իսկ հարեւանների միջեւ հարաբերությունները ավելի են վատացել, քան եղել են տարիներ շարունակ:

Գործակալությունը մեջբերում է Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ի հաղորդագրոթյունը, որի համաձայն հայ զինծառայող է զոհվել Ադրբեջանի կողմից հրաձգության հետեւանքով: Նաեւ նշում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առանձին բանակցություններ է ունեցել երկու երկրների առաջնորդների հետ: «Հակամարտությունը միջազգային համայնքին մտահոգում է մասամբ որովհետեւ այն կարող է ապակայունացնել իրավիճակը մի տարաշաշրջանում, որը միջանցքի դեր է կատարում համաշխարհային շուկաներ նավթ ու գազ մատակարարող խողովակաշարերի համար»,- ասվում է հոդվածում: