Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որն ապրիլի 2-5-ի մահացու բախումներից հետո թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի հայտարարության մեջ։
«Նախագահներ Սարգսյանը եւ Ալիեւը, Եվրոպական հարցերի Պետքարտուղար Առլեմ Դեզիրի, ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի եւ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ վերահաստատեցին, որ կողմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերը նաեւ ընդունեցին վստահության միջոցառումների, այդ թվում նաեւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը:
Սրանք շատ կարեւոր հանձնառություններ են: Ֆրանսիան կոչ է անում կողմերին իրագործել դրանք եւ որպես Մինսկի խմբի համանախագահ, իր ամերիկացի եւ ռուս գործընկերների հետ կշարունակի միջնորդի իր դերակատարությունը»։





























