Եվրամիությունը պատրաստ է կատարել Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրի իր բաժինը, սակայն դրա համար Անկարան չպետք է փորձի փոփոխել պայմանավորված կանոնները այն բանից հետո, երբ փաստաթուղթը կստորագրվի: Այդ մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հայտնում է   «Վեստին»:

«ԵՄ-ն առաջվա նման պատրաստ է կատարել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրի իր մասն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան համաձայնում է խաղալ ըստ կանոնների, ոչ թե կանոնների հետ», —գրել է Տուսկը իր Twitter-ում:

Խոսքը վիզայի ռեժիմի վերացման մասին է, որն իր հերթին կապված է Թուրքիայի`  Էգեյան ծովում անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցում օգնելու խնդրանքի հետ:  

Միաժամանակ, ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Եվրամիության պահանջների ներդրումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են հակաահաբեկչական օրենսդրությանը, ահաբեկչությանն աջակցություն է: Նախարարի խոսքով, Թուրքիան մտադիր չէ նման զիջումների գնալ հանուն վիզայի ռեժիմի պարզեցման: