Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է փաթեթային լինի՝ փուլային իրականացմամբ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվար Նալբանդյանը՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման առաջարկությունների վերաբերյալ հարցին:

«Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբանել է, որ Լավրովի փաստաթուղթ, առաջարկություններ գոյություն չունեն: Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակում է իրականացվում, մտքեր են արտահայտվում՝ գաղափարների ձեւավորման, լուծումների որոնման նպատակով:

Վերջին տարիներին բանակցային գործընթացի բոլոր փուլերում, ներառյալ՝ մտքերի փոխանակման փուլում, մոտեցումը եղել եւ շարունակում է մնալ նույնը, եւ դրա մասին բազմիցս ասել ենք, դրա մասին նշել են նաեւ համանախագահները, այդ թվում՝ Լավրովը. կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ»,- ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով, վերջին տարիներին մենք սերտորեն աշխատում էինք փոխզիջումային ձեւակերպումների ուղղությամբ եւ անգամ բազմիցս մոտ ենք եղել լուծումների, բայց եւ ադրբեջանական կողմը բազմիցս հետքայլ է արել:

«Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունների կատարումը, որոնց մասին նշվում է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հայտարարության մեջ, այն է՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառության վերահաստատումը, 1994-1995 թ.թ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի կատարումը, սեղմ ժամկետներում զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը. այս համաձայնությունների կատարումը ստեղծելու է անհրաժեշտ պայմաններ՝ բանակցային գործընթացը վերսկսելու, խնդրի հանգուցալուծման չափորոշիչները համաձայնեցնելու, փոխզիջումային լուծումների որոնումը շարունակելու համար»,- նշել է նա: