Այն, որ համանախագահ երկրների նախարարներն առաջին անգամ ներկա էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթաժողովին, ցույց է տալիս, թե համանախագահ երկրներն ինչպիսի հատուկ կարեւորություն են տալիս նոր լարվածության կանխարգելմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ բանակցային գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու համար: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման շուրջ ակնկալիքների մասին հարցին:
«Համանախագահները բազմիցս հայտարարել են ղարաբաղյան հիմնահարցի՝ բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը վերահաստատելու կարեւորության մասին, ներառյալ այդ երկրների նախագահների մակարդակով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հինգ հայտնի հայտարարություններում: Հայաստանը ոչ միայն խոսքով, այլեւ գործով է հաստատել խաղաղ կարգավորմանն իր հանձնառությունը:
Համանախագահ երկրները բազմիցս կոչ են արել հիմնահարցի բոլոր կողմերին անշեղորեն կատարել 1994-1995 թ.թ. զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը մշտապես արհամարհում էր այդ կոչերը, իսկ վերջին ամիսներին միջազգային կազմակերպություններում այդ փաստաթղթերի դեմ, ես կասեի, «պարտիզանական պատերազմ» էր վարում՝ փորձելով հարցականի տակ դնել դրանց վավերականությունը: Համանախագահները անհապաղ համապատասխան արձագանք տվեցին այս փորձերին ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում:
Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին բազմիցս է շեշտվել, այդ թվում՝ 2011 եւ 2012 թ.թ. Սոչիում ընդունված Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարություններում, եւ բոլորովին վերջերս՝ անցյալ տարի, Բեռնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների գագաթաժողովի արդյունքներով համանախագահ երկրների համատեղ հայտարարությունում: Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում էր դրան»,- ասել է Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ այս անգամ Ադրբեջանը հուսախաբ չի անի համանախագահ երկրների, միջազգային հանրության սպասելիքները:





























