Սիրիական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրն առանց նախապայմանների միջսիրիական երկխոսության անհապաղ վերսկսումն է: Մայիսի 17-ին Վիեննայում կայացած Սիրիայի աջակցման միջազգային խմբի անդամները նման եզրահանգման են եկել:

Հինգ ժամ տեւած նիստի արդյունքներով մասնակիցները կոմյունիկե են ընդունել, որում նշված է ռազմական գործողությունների դադարեցման, մարդասիրական օգնության հասանելիության ապահովման եւ քաղաքական գործընթացի իրականացման անհրաժեշտության մասին:

Ըստ ՏԱՍՍ-ի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հավանության արժանացած հիմնական դիրքորոշումը ենթադրում է միջսիրիական բանակցությունների ներառական բնույթը»:

«Ժնեւյան բանակցություններից որեւէ մեկին բացառելը, այդ թվում՝ քրդական ընդդիմադիր Դեմոկրտական միություն կուսակցությունը, մենք սխալ ենք համարում»,- հայտարարել է Լավրովը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես հայտարարել է, որ Ժնեւում բանակցությունների սեղանի շուրջ միջսիրիական խորհրդակցությունների բոլոր մասնակիցների վերադարձի հույս ունի:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ հույս ունի, որ Սիրիայի քաղաքական ուժերի միջեւ խորհրդակցությունները կվերականգնվեն հունիսի սկզբին: Սիրիայի աջակցման միջազգային խումբն ընդգծել է, որ կողմերը պետք է բանակցություններն ավարտեն մինչեւ օգոստոսի 1-ը եւ անցումային գործընթացի շրջանակային սկզբունքներ մշակեն:

Սակայն Ստեֆան դե Միստուրան դժվարացել է միջսիրիական բանակցությունների վերսկսման հստակ ժամկետ նշել: