Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները դրսեւորեցին քաղաքական կամք` ստատուս-քվոյի շրջանակներից դուրս գալու ու տարածաշրջանի ողջ բնակչության համար օգտակար քայլերի դիմելու համար: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ անդրադառնալով մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով, երկու երկրների նախագահներն էլ պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, վստահության հաստատման ուղղությամբ կարեւոր միջոցառումներ իրականացնել, ինչպես նաեւ եկող ամիս վերսկսել բանակցությունները, որնոք կարող են հանգեցնել հակամարտությանը համապարփակ լուծմանը:
«Նախագահները դրսեւորեցին քաղաքական կամք` ստատուս-քվոյի շրջանակներից դուրս գալու ու տարածաշրջանի ողջ բնակչության համար օգտակար քայլերի դիմելու համար: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն իր կողմից պատրաստ է աջակցել կողմերին այս հարցում: Սա դրական հանդիպում էր ու ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այժմ բոլորը պետք է ջանասիրաբար աշխատեն` իրենց ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար»,-ասել է Քիրբին:
Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստակամ են հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը ֆիքսող համակարգերի տեղադրմանը, մինչդեռ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը. Քիրբիին հրաժարվել է այդ առնչությամբ որեւէ բան ասել՝ նշելով. «Ես պարզապես կցանկանայի հիշատակել ընդունված համատեղ հայտարարությունը, որտեղ նախօրեին երկու երկրների նախագահները իրենց համաձայնությունն են հայտնել հրադադարի ռեժիմը պահպանելու, գործընթացն առաջ մղելու եւ հաջորդ ամիս երկխոսություն սկսելու վերաբերյալ, ինչը, կարծում եմ՝ դրական իրադարձություն է»:
Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Նախագահները վերահաստատել են հրադադարին եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները:





























