Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփը Դաշնային ընտրական հանձնաժողովին  (FEC) տեղեկանք է ներկայացրել իր եկամտի մասին: Փաստաթղթի համաձայն, նրա կարողությունը գնահատվում է ավելի քան  10 մլրդ դոլար:

«Ես FEC-ին տեղեկանք եմ ուղարկել իմ եկամտի մասին, որը, ուզում եմ ոչ առանց հպարտության նշել, հանձնաժողովի պատմության ընթացքում ամենածավալայինն է եղել: Չնայած ժամկետը երկարաձգելու իմ իրավունքին, ես դարձյալ ժամանակին եմ ներկայացրել  104 էջից կազմված զեկույցը: Բեռնի Սանդերսը, իր հերթին խնդրել է իր համար երկարաձգել  իր փոքրիկ տեղեկանքի ներկայացման ամսաթիվը», - Թրամփի խոսքերն է մեջբերում նրա շտաբը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Սակայն գործարարը դարձյալ չի ներկայացրել իր հարկային հայտարարագրերը: Դրա համար ավելի վաղ նրան քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը Դեմոկրատական կուսակցությունից ամենահավանական նախագահության թեկնածուն է համարվում: