Հայաստանում կոռուպցիայի խնդիր իրոք գոյություն ունի: Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է Միացյալ նահանգների արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ԱՄՆ-Հայաստան բիզնես համաժողովի շրջանակում:

Դեսպանը հիշեցրել է, որ այդ մասին անցած շաբաթ խոսել է նաեւ Հայաստանի վարչապետը: Եվ ամերիկացի ձեռներեցները, ըստ դիվանագետի, պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը. «Բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ճանապարհը իմ կարծիքով այն օրինակների առկայությունն է, որոնք ցույց կտան, թե ինչպես կարելի է առանց կոռուպցիայի հաջողությամբ իրականացնել տնտեսական գործունեություն: Կարծում եմ, որ ամերիկյան ընկերությունները կարող են նման օրինակ ծառայել: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք դեպի Հայաստան գրավել նոր ձեռներեցների ու նոր բիզնեսներ»,- ամփոփել է Ռիչարդ Միլսը: