Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մայիսի 16-ին, հանդես է եկել դասախոսությամբ Պրահայի Անգլո-Ամերիկյան համալսարանում կազմակերպվող ավանդական «Դիվանագիտական ֆորում»-ին, որտեղ հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումները:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկա են եղել դասախոսներ, ուսանողներ, վերլուծաբաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Դեսպանը ներկաներին հանգամանալից ներկայացրել է մասնավորապես` ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ադրբեջանական զինուժի՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների ոճով իրականացված վայրագությունները հայ դիրքապահների և քաղաքացիական ազգաբնակչության նկատմամբ։ Այդ համատեքստում հայ դիվանագետը շեշտեց, որ Ադրբեջանի վարչակարգը հավատարիմ է մնում իր՝ մարդասպաններին հերոսացնելու քաղաքականությանը։
Իր խոսքում դեսպան Սեյրանյանը նշեց նաև, որ ապրիլյան «4-օրյա պատերազմը» մեծապես վնասել է բանակցային գործընթացին:
Դեսպան Սեյրանյանը նաև պատասխանեց ֆորումի մասնակիցների բազմաթիվ հարցերին։





























