Եվրահանձնաժողովը (ԵՀ) մայիսի 18-ին հայտնել է, որ պետբյուջեի դեֆիցիտի սահմանը խախտած Իսպանիայի եւ Պորտուգալիայի նկատմամբ պատժամիջոցների մասին որոշումը հետաձգվել է մինչեւ 2016-ի հուլիս: Այդ մասին հայտնել է AFP-ն:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկի միջոցները Իսպանիայի` վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախոյի գլխավորած կառավարության նկատմամբ, որն արդեն չորրորդ տարին անընդմեջ խախտում է պետբյուջեի դեֆիցիտի սահմանը: Նրա տվյալներով, եթե եվրահանձնակատարները համարեն, որ Իսպանիան ի վիճակի չէ արդյունավետ միջոցներ կիրառել, կառավարության նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, ներառյալ տուգանքը, ինչպես նաեւ ԵՄ-ի քննիչների վերադարձը Մադրիդ:
ՏԱՍՍ-ը նշում է, որ Եվրահանձնաժողովի նիստն ընթացել է Իսպանիայի համար զգայուն պահի` 2016-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության թեժ պահին:





























