ԵԱՏՄ-ի երկրները Սինգապուրի հետ պայմանավորվել են մի շարք ուղղություններով համագործակցության մասին: Համապատասխան փոխըմբռնման հուշագիրը չորեքշաբթի ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն:
Փաստաթուղթը նախատեսում է կողմերի համագործակցությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի, մաքսային վարչարարության, տեխնիկական կարգավորման, սանիտարական միջոցների ընդունման, ֆինանսների, տրանսպորի, էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ շատ այլ ոլորտներում:
Փոխգործակցություն կիրականացվի այդ թվում նաեւ համատեղ աշխատանքային խմբի շրջանակում, որը կհանդիպի տարին մեկ անգամից ոչ պակաս: Ավելի վաղ ԵՏՀ-ն նման փաստաթղթեր է ստորագրել Կամբոջայի, Պերուի, Չիլիի եւ Մոնղոլիայի հետ, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սարգսյանը նշել է, որ հուշագիրը նոր էջ է բացում կողմերի համագործակցության մեջ: Սինգապուրի վարչապետն իր հերթին հայտնել է, որ փաստաթուղթը պիտի հարթակ դառնա ԵՏՀ-ի եւ Սինգապուրի միջեւ կանոնավոր փոխգործակցության համար, ինչը թույլ կտա բացել համագործակցության նոր ոլորտներ, ինչպես նաեւ գործնական եւ պաշտոնական շրջանակներին թույլ կտա ծանոթնալ իրար: Նա համոզվածություն է հայտնել, որ դա նոր հնարավորություններ կստեղծի առեւտրի եւ ներդրումների առումով:
«Ես վստահ եմ, որ մեր տնտեսությունները մեծ օգուտ կստանան ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրումից, որը կօգնի հանել պատնեշները եւ բարենպաստ միջավայր կստեղծի գործնական եւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար», — հավելել է Լի Սյան Լուն` հույս հայտնելով, որ կողմերն ամեն ինչ կանեն համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին նպաստելու համար:





























