A320 ինքնաթիռում ահաբեկչության հավանականությունն ավելի մեծ է, քան տեխնիկական անսարքության հավանականությունը, հայտնել է Եգիպտոսի Քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆահթին, տեղեկացնում է Sky News Arabia-ն:

Միաժամանակ նա նշել է, որ մոտ օրերս չարժե լիարժեք տեղեկություններ սպասել  Egyptair ավիաընկերության ինքնաթիռի աղետի մասին:

«Մոտակա օրերին պատճառների վերաբերյալ տեղեկություններ մի սպասեք, ուշադրություն դարձրեք նման դեպքերին, որքան են հետաքննվել», —Ֆաթհիին է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:

Նա հավելել է, որ սխալ է այն տեղեկությունը, թե ինքնաթիռից   աղետի ազդանշաններ են ստացվել:  

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել էր, որ EgyptAir ավիաընկերության А320 ուղեւորատար ինքնաթիռը աղետի է ենթարկվել: Սակայն նա նշել է, որ առայժմ չկա տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ վարկած, որին նախապատվություն տան: 

Բացի այդ, հաղորդվում է, որ սկսել են ստուգել փարիզյան «Շառլ դը Գոլ» օդանավակայանի անձնակազմի, որտեղից օդ էր բարձրացել ինքնաթիռը, հնարավոր կապերը ծայրահեղականների հետ:

Ինքնաթիռը ռադարներից անհետացել է Փարիզից թռիչքից 3,5 ժամ անց: Ինքնաթիռում 66 մարդ է եղել, որոնց թվում անձնակազմի տասը անդամ կար: 

Վերջին անգամ անձնակազմը կապի էր դուրս եկել ռադարներից անհետանալուց տասը րոպե առաջ եւ Կահիրեում նախատեսված վայրէջքից  45 րոպե առաջ: