Ավելի քան 10 տարի Ադրբեջանն ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտից 20 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստացել, մինչդեռ Հայաստանը գրեթե ոչինչ չի ստացել, ինչի մասին են վկայում ԱՄՆ կառավարության փաստաթղթերը: Այս մասին գրում է Eurasianet-ը, որտեղ հրապարակվել է The Bug Pit բլոգի հեղինակ, Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արեւելքի անվտանգության հարցերի լուսաբանման ոլորտում մասնագիտացած լրագրող Ջոշուա Կուչերայի «Ադրբեջանը ԱՄՆ ռազմական օգնության հարցում առավելություն ունի Հայաստանի հանդեպ» խորագրով հոդվածը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Մինչ ԱՄՆ պետքարտուղարությունը ավանդաբար «հավասարակշիռ» քաղաքականություն է պահպանում երկու երկրների նկատմամբ, պաշտպանության նախարարությունը ավելի պակաս զգուշավոր է գտնվել հավասարակշռության պահպանման հարցում: Բաքուն, մասնավորապես, օգուտներ է ստացել Պենտագոնի երկու ծրագրերից, որոնք հայտնի են որպես «Բաժին 1004» եւ «Բաժին 1206», որոնք ավելի քիչ են վերահսկվում ԱՄՆ Կոնգրեսի կողմից, եւ որոնց հանդեպ հրապարակային պաշվետվողականության ավելի պակաս պահանջներ են ներկայացված:

Ադրբեջանը 2005 թվականից ի վեր «Բաժին 1004» ծրագրով ստացել է 8.5 մլն դոլարի ֆինանսավորում՝ ուղղված թմրանյութերի դեմ պայքարին, ինչպես նաեւ 11.5 մլն դոլար է ստացել «Բաժին 1206» ծրագրով՝ ուղղված հակաահաբեկչական գործողություններին աջակցելուն:

Ի տարբերություն դրա՝ Հայաստանը «Բաժին 1004» ծրագրով ստացել է միայն 41  հազար դոլար, իսկ «Բաժին 1206» ծրագրով ոչինչ չի ստացել՝ ըստ Washington Security Monitor իրավապաշտպան խմբի հավաքած տվյալների, որը մասնագիտացած է ԱՄՆ ռազմական օգնության տարբեր ծրագրերի տվյալների բազա պահելու ոլորտում:

Ադրբեջանին հատկացված գումարների մեծ մասը ուղղվել է ռազմածովային ուժերին աջակցելուն, նվազեցնելու համար Հայաստանի դեմ (որը չունի ելք դեպի ծով) օգտագործելու ռիսկը, եւ պայմանավորված է Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանության հարցում ԱՄՆ շահագրգռվածությամբ: Սակայն ամեն ինչ չէ, որ ուղղվել է ռազմածովային ուժերին:

2013 թվականին ԱՄՆ հատուկ ուժերը երկամսյա տեւողությամբ թմրանյութերի դեմ պայքարի դասընթաց են անցկացրել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հակաահաբեկչական ստորաբաժանման 50 անդամների նախապատրաստման համար, ինչն արժեցել է 916.000 դոլար:

Ադրբեջանական նորությունների համաձայն՝ ապրիլին իրավիճակի սրացման ժամանակ, որը հայտնի է «քառօրյա պատերազմ» անունով, սպանված Վուգար Յուսիֆովը Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի բարձրաստիճան հրամանատար էր եւ 2007 թվականին Արիզոնայում մասնակցել էր հետախուզական դասընթացների (իրականացվել էր ԱՄՆ պետքարտուղարության միջոցով): Պետքարտուղարության տվյալներով՝ 2007-ին Ադրբեջանի միայն մեկ ներկայացուցիչ է մասնակցել այդ դասընթացին, որը տեւել է 5 ամիս, եւ արժեցել 23.582 դոլար:

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մասնակցել են Ռումինիայում անցկացված ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովային հետեւակի կորպուսի Սեւծովյան ռոտացիոն ուժերի դասընթացին, որը ներառում է ցամաքային զորքերի ուսուցում՝ մերձամարտ, մարտական դիպուկ կրակելու հմտություններ այլն:

ԱՄՆ պետքարտուղարությունն ու պաշտպանության նախարարությունը, 2008-ին Կոնգրեսին ներկայացված ռազմական օգնության մասին իրենց զեկույցներում գրել են որ 907 ուղղումը, ըստ որի պետք է սահմանափակվի ռազմական օգնությունն Ադրբեջանին, սկսել է տարածվել նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցության վրա: Սակայն Պենտագոնի օգնության ծրագրերը ակնհայտորեն հավասարակշռությունը փոխում են Ադրբեջանի օգտին:

Չնայած Ադրբեջանի ստացած 20 միլիոն դոլարը փոքր գումար է անգամ տարածաշրջանի ստանդարտներով, օրինակ՝ Ղրղըզստանը նույն ծրագրերով ստացել է 118 միլիոն դոլար, այնուամենայնիվ, այն հանդիսանում է ԱՄՆ «ռազմական կոշտ օգնության» մաս (զենք ու ռազմական ուսուցումը):

ԱՄՆ պետքարտուղարության կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված ռազմական «կոշտ» օգնությունն աստիճանաբար կրճատվել է վերջին 10 տարիների ընթացքում, սակայն, որպես կանոն, այն եղել է տարեկան 2-4 մլն դոլարի սահմաններում եւ պետք է բաշխվեր երկու երկրներին հավասարաչափ:

Վերջին ամսում ԼՂ շփման գծում գրանցված սրացումը, որը վատթարագույնն էր՝ սկսած 1994 թվականին հրադադարի համաձայնագրի ստորագրումից, վերստին բանավեճեր առաջացրեց տարածաշրջանին ԱՄՆ ռազմական օգնության շուրջ: