ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին (ԵԽԽՎ) կոչ է արել միանալ մտադրությունների վերաբերյալ արձանագրությանը, որն ավելի վաղ ստորագրվել էր ԱՊՀ ՄԽՎ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի միջեւ եւ վերաբերում էր Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրներում ընտրություններին հետեւելուն:
«Ուզում եմ հիշեցնել դեռեւս 2008 թվականին ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի միջեւ կնքված մտադրությունների արձանագրությունը, որը նախատեսում է Եվրոպայում եւ ԱՊՀ-ում ընտրություներին հետեւելու վերաբերյալ փաստաթղթերի մշակում: Կարծում եմ, մենք կարող էինք քննարկել այդ աշխատանքի վերսկսման հնարավորությունը եւ ԵԽԽՎ-ին առաջարկել միանալ դրան , - մայիսի 19 –ին ԱՊՀ ՄԽՎ-ի նիստին հայտնել է Վ. Մատվիենկոն:
Նիստն ընթանում է ԵԽԽՎ-ի ղեկավար Պեդրո Ագրամունթի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Իլկկա Կաներվայի մասնակցությամբ:
ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահը նշել է, որ «ԱՊՀ ՄԽՎ-ի մոնիտորինգային խմբերի համակարգողները կանոնավոր կերպով հանդիպում են միջազգային այլ կառույցների դիտորդական առաքելությունների ղեկավարության հետ, նախ եւ առաջ` ԵԱՀԿ ԽՎ-ի եւ ԵԽԽՎ-ի, ինչը խորհրդարանականներին թույլ է տալիս ներկայացնել իրենց դիրքորոշումները, շփման կետեր գտնել եւ հեռանկարում աստիճանաբար միասնական մոտեցում մշակել մոնիտորինգի սկզբունքների եւ ընտրությունների գնահատման վերաբերյալ», հայտնում է «Ինտերֆաքսը»:
Մատվիենկոն նաեւ առաջարկել է վերականգնել ԱՊՀ-ի երկրների Միջխորհրդրանական վեհաժողովի եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի համատեղ համաժողովների անցկացման ավանդույթը: «Ես կուզեի իմ գործընկերներին առաջարկել վերականգնել համատեղ համաժողովների անցկացման ավանդույթը, որոնք նվիրված կլինեն Եվրասիական մայրցամաքում համագործակցության տարբեր հարցերի: Նման համաժողովների համար թեմաներից մեկը կարող է լինել միազգային ահաբեկչության դեմ պայքարում ուժերի միավորումը», - հայտնել է Մատվիենկոն ԱՊՀ ՄԽՎ-ի նիստին, որի ղեկավար է հանդիսանում, հայտնում է ՏԱՍՍ-ը ТАСС http://tass.ru/:





























