Գիշերվա ընթացքում EgyptAir ավիաընկերությունից նախ հերքել են հունական Կարպատոս կղզում մոտ Ա320 օդանավի գտնված բեկորների մասին հաղորդագրությունները, իսկ հետո նորից ՝ հաստատել:

EgyptAir ավիաընկերության կայքում տեղադրված վերջին տեղեկությունը հաստատում է, որ հայտնաբերվել են Փարիզ -Կահիրե չվերթի օդանավի բեկորները:

Հաղորդագության մեջ ասվում է, որ Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի նախարարությանը, որ EgyptAir –ի անհետացած օդանավի բեկորները գտել են Կարպատոս կղզու մոտ:

«Ընտանիքի անդամներին ու անձնակազմին արդեն տեղեկացրել ենք, ու մենք ցավակցում ենք բոլոր նրանց, ովքեր այս ողբերգությունից հարազատների են կորցրել»,- ասվում է հայտարարության մեջ:

EgyptAir -ից նշել են, որ փորձագիտական խումբը շարունակում է որոնել անհետացած օդանավի մասերը:

EgyptAir ավիաընկերության ուղեւորատար օդանավը, որը Փարիզից Կահիրե էր ուղեւորվում MS804 չվերթով, անհետացել է ռադարների էկրաններից մայիսի 19-ի առավոտյան Միջերկրական ծովի վրա ՝ Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում 66 ուղեւոր ու անձնակազմի անդամ կար:

Որոշ փորձագետներ համարում են, որ աղետի պատճառը կարող էր ահաբեկչությունը լինել: Ընդ որում Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ վարկածներից ոչ մեկը չեն բացառում: