Բրյուսելում մայիսի 19-ին, տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ Եվրոպական միության «Հորիզոն – 2020» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Եվրոպական միության կողմից` ԵՄ Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոյդըսը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ Հայաստանի` ծրագրին միանալու շուրջ բանակցությունները Երեւանի եւ Բրյուսելի միջեւ ընթանում էին վերջին երկու տարիների ընթացքում:

Հորիզոն-2020 շրջանակային ծրագիրն իրականացվելու է մինչեւ 2020 թվականը: Ծրագրին Հայաստանի մասնակցությունը կնպաստի մեր գիտական համայնքի հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, եվրոպական առաջատար գիտական կենտրոնների հետ համագործակցությանը, նորարարական մոտեցումների եւ մեթոդների զարգացմանը, ինչը կնպաստի Հայաստանում կայուն զարգացման ծրագրերին: Միաժամանակ այս ոլորտներում սերտ համագործակցությունը որակական նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: