Մոսկվայի ժամանակով կեսգիշերին Ղազախստանում դադարել են գործել Facebook, «ՎԿոնտակտե», Twitter, Instagram սոցցանցերը եւ Viber եւ WhatsApp մեսենջերները: Այդ մասին հայտնում է «Ազզատիկ» ռադիոն:
Բոլոր հաղորդակցային ծառայություններն անհասանելի էին մոտավորապես մեկ ժամ: Որոշ օգտատերերի հաջողվել է դրանց մուտք ստանալ VPN-ի օգնությամբ:
Ղազախստանի բնակիչները մեսենջերների եւ սոցցանցերի զանգվածային անջատումը կապում են հողային փոփոխությունների դեմ մայիսի 21-ին նախատեսված հանրահավաքի անցկացման հետ: Պորտալի տվյալներով, մայիսի 17-ից երկրում չարտոնված հանրահավաքների կոչերի համար ավելի քան 20 մարդ է ձերբակալվել:
Այժմ, Ղազախստանում Twitter-ի օգտատերերի հաղորդագրություններից դատելով, ծառայությունների հասանելիությունը վերականգնվել է:





























