Լեռնային Ղարաբաղում զինվորի գլխատման եւ Թալիշ գյուղի բնակիչների ականջները կտրելու փաստը վկայում է ադրբեջանցի զինվորների դեգրադացիայի մասին, որը հասնում է մինչեւ լիակատար փչացածության։ Այս մասին գրում է The Hill-ը։
Այդ կապակցությամբ հոդվածագիրը զարմանք է հայտնում, որ Դենիս Ջաֆֆն իր հոդվածում քննադատել էր սենատոր Մարկ Քիրքին այն բանի համար, որ նա ԱՄՆ-ին կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության կանչել Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի համար։
«Դա իհարկե կզարմացներ նաեւ Քյարամ Սլոյանի ընտանիքի անդամներին, որոնք զինվորին թաղել էին առանց գլխի։ Եվ ահաբեկչության մասին խոսելն ավելի շուտ տեղին է Ալիեւի ռեժիմի համար, որը քնած մարդուն կացնահարած մարդասպանին հերոսացնում է եւ մեդալ է շնորհում Սլոյանին գլխատողին»,- գրում է հեղինակը եւ հիշեցնում, որ Ադրբեջանը ռազմական բյուջեի վրա ավելի շատ ծախսեր է կատարում, քան կազմում է Հայաստանի ամբողջ բյուջեն։ Հեղինակը մեջբերում է նաեւ Թոմաս դե Վաալին, որը New York Times-ում գրել էր. «Ադրբեջանը «հայկական ագրեսիայի» մասին զեկույցների վրա տարիներ է ծախսել եւ երբեք ոչ մի քայլ չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայերին վստահության երաշխիքներ առաջարկելու համար, որպեսզի վստահեցնի, որ իրենք չեն ուզում ոչնչացնել հայերին»։
«Սենատոր Քիրքը հասկանում է դա եւ կոչ է անում հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, կրակի լոկացիայի համակարգեր տեղակայել եւ մեծացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը հրադադարի խախտման մեխանիզմները հետաքննելու համար։ Սակայն Ադրբեջանը նախընտրում է երկերեսանիությունը, քանի որ այդ մեխանիզմների բացակայությունը նրան քողարկում է ապահովում»,- ասված է հոդվածում։





























