Եվրամիությունում այս պահին չեն քննարկում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մակարդակի բարձրացման հարցը, Բրյուսելում հայտնել է ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է  «Ինտերֆաքսը»: Միաժամանակ նա նշել է, որ դրանց երկարաձգման վերաբերյալ բանավեճը պետք է տեղի ունենա առաջիկա շաբաթներին: 

Bloomberg գործակալությունը եվրոպացի վեց պաշտոնյայի վկայակոչելով հայտնել է, որ Եվրամիության երկրները մտադիր են հունիսին պատժամիջոցները երկարաձգել եւս վեց ամսով   «Ուկրաինայի արեւելքում հրադադարի փակուղի մտած ջանքերի ֆոնին»:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն  France 2 հեռուստաալիքին հարցազրույցում նաեւ հայտնել է, որ ֆրանսիական իշխանությունները կցանկանային Ռուսաստանի վրայից հանել պատժամիջոցները, բայց առայժմ դրա համար պայմաններ չկան, հայտնում է Bloomberg-ը: Նա ասել է, որ Փարիզը Մոսկվային դիտարկում է որպես   «գործընկերոջ, ոչ թե հակառակորդի»: Պատժամիջոցները կարող են հանվել, երբ կոնկրետ արդյունքներ լինեն Ուկրաինայի հակամարտությունում լարվածության թուլացման առումով, բայց առայժմ դրանք չկան, հավելել է պարոն Էրոն, հայտնում է «Կոմերսանտը»: