Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն հարյուր տոկոսով կեղծվել է: Այդ մասին մայիսի 21-ի մամուլի ասուլիսին հայտնել է   «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, Հայաստանում արդեն ոչ ոք չի խոսում հարյուր տոկոսով կեղծված հանրաքվեի մասին: «Ամենալուրջ գիտական հիմունքներով բոլոր հարցումները ցույց են տվել, որ սահմանադրական փոփոխությունների նախագծին հանրաքվեի ընթացքում   «ոչ» է ասել հայ հասարակության 70 տոկոսը, «այո»` միայն  30 տոկոսը: Բայց այդ մասին այլեւս ոչ ոք չի խոսում, որովհետեւ հայրենիքին վտանգ է սպառնում: Հայրենիքին վտանգ էր սպառնում այն պահից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կեղծարարության միջոցով   1990-ին նախագահ դարձավ», - նշել է Պարույր Հայրիկյանը: Այդ պահից, հավելել է նա, կեղծարարությունները մեր ամենօրյա կյանքի մաս են դարձել: 

Հիշեցնենք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի   6-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, Հիմնական Օրենքում փոփոխությունների օգտին քվեարկել է  63,37 տոկոսը (825521 մարդ), դեմ` 32,32 տոկոսը` (421568 քաղաքացի):