Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է նախաձեռնել՝ հայերին կոչ անելով ամառային արձակուրդներն անցկացնել Արցախում:
«Գաղափարն առաջացել է մի քանի օր առաջ, նպատակն է, որ հայերն ամառվա ընթացքում Արցախ գան եւ իրենց արձակուրդները մեզ մոտ անցկացնեն: Որոշակի քայլեր արդեն ձեռնարկում ենք. «Ֆեյսբուք» սոցիալական կայքում սկսված «Եկ Արցախ» հեշթեգով ֆլեշմոբն այդ քայլերից մեկն է, սակայն միակը չէ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Բեգլարյանը:
Առաջիկայում Արտակ Բեգլարյանն ու իր ընկերները կփորձեն կոչ անել հայտնի հայերին, որ իրենց հետեւորդներին հորդորեն ամռանը գալ Արցախ:
Վարչապետի մամուլի խոսնակի կոչին արդեն բազմաթիվ հայեր են միացել, որոնք սոցցանցերում հորդորում են մարդկանց ամռան ընթացքում Արցախ այցելել:
Նշենք, որ միայն 2015 թ. Լեռնային Ղարաբաղի հանրապետություն է այցելել ավելի քան 16 հազար օտարերկրացի զբոսաշրջիկներ, ինչը 13 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները: Միջազգային զբոսաշրջային այցելությունների առաջին հնգյակում ՌԴ-ն է, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իրանն ու Ուկրաինան: Զբոսաշրջային այցելությունների 60 տոկոսը բաժին ընկնում, ԱՊՀ երկրներին՝ հիմնականում ՌԴ ժամանած զբոսաշրջիկների հաշվին: Արցախ այցելում են մեծ մասամբ մարտից-նոյեմբերն ընկած ժամանակահատվածում:
Ըստ պատասխանատուների՝ զբոսաշրջիկներին գրավում է արցախյան հյուրասիրությունն ու պատմամշակութային օջախները: Զբոսաշրջիկներն Արցախում գործում է տուրիզմի տարբեր տեսակներ, այդ թվում նորագույն ռազմապատմական զբոսաշրջությունը, որը կարելի է բնութագրել՝ որպես տվյալ երկրի ռազմական ներուժին, տեխնիկային ծանոթանալու նպատակով այցելություններ այս կամ այն երկիր, որտեղ ժամանակին հայտնի պատերազմներ կամ ռազմական գործողություններ են տեղի ունեցել:




























