Ուկրաինան կարող է Եվրամիության երկրներին համոզել երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Կիեւը բարեփոխումների անցկացման եւ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց ցուցադրի: Reuters-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, ներկայում Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նա նշել է, որ պատժամիջոցների երկարաձգումը Դոնբասում հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու միակ միջոցն է:

«Արեւմտյան երկրների ներկայացուցիչներից տեղյակ եմ, որ պատժամիջոցների երկարաձգումը կապված է համալիր բարեփոխումներ անցկացնելու՝ Ուկրաինայի պատրաստակամության հետ»,- ասել է Ռասմուսենը:

«Նախագահ Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնում իմ նպատակը «երկկողմանի երթեւեկությամբ փողոցի» ստեղծումն է Ուկրաինայի եւ Արեւմուտքի երկրների միջեւ: Մի կողմին պետք է համոզեմ, որ Կիեւն անհրաժեշտ բարեփոխումներ է իրականացնում, մյուս կողմին՝ բացատրեմ եվրոպական գործընկերների քաղաքական առաջնահերթությունները»,- Ռասմուսենի խոսքերն է մեջբերում Lenta-ն: