Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Երեւան բերված գարին պահեստում կմթերվի կիլոգրամը 120 դրամով, իսկ հանրապետության մթերման կետերում` 105 դրամով: Նման որոշում  այսօր՝ մայիսի 31-ին, կայացվել  է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի՝ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ հրավիրված  աշխատանքային խորհրդակցության շամանակ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետն ընդգծել է, որ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել բերքը անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է շրջաններում առկա կոմբայնների քանակով եւ հայտնել, որ անհրաժշետության դեպքում,  նախօրոք ձեռքբերված  պայմանավորվածության համաձայն, հունիսի 1-ից ՀՀ-ից կբերվեն հացահատիկահավաք կոմբայններ` աշխատանքները ժամանակին կազմակերպելու նպատակով:

Գյուղնախարար Ա. Մխոյանի խոսքով` հանրապետությունում արդեն հնձվել է գարու շուրջ 500 հեկտար ցանքատարածություն՝ 20 ցենտներ նախնական միջին բերքատվությամբ: Գարին կմթերվի հանրապետության 5 մթերման կետերում եւ Երեւանում:

Խորհրդակցության հիմնական հարցի` գարու սակագնի շուրջ մտքեր փոխանակելուց հետո որոշվել է գարին Երեւանի պահեստում մթերել կիլոգրամը 120, իսկ հանրապետության մթերման կետերում` 105 դրամով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող հողօգտագործները մթերված բերքի արժեքի 20 տոկոսը տեղում կստանան կանխիկ` բերքահավաքի հետ կապված ծախսերը հոգալու համար:

Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր: