Բիշքեկում հունիսի 7-ին տեղի կունենա ԱՊՀ-ի անդամ երկրների Վարչապետների խորհրդի նիստը, հայտնում է ՌԴ-ի կառավարության մամուլի ծառայությունը:   

Օրակարգում  16 հարց է, որոնք Համագործակցության կենսագործունեության այժմեական ուղղությունների լայն սպեկտր են ընդգրկում: Հիմնական ուշադրությունը կհատկացվի առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը, էներգետիկայի եւ առողջապահության, մարդասիրական ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ մթերային անվտանգության մեծացմանը եւ նորարարական փոխգործակցության ծրագրի իրականացմանը:   

Մամուլի ծառայության տվյալներով, նախատեսված է 2011-ի հոկտեմբերի 18-ի Ազատ առեւտրի գոտու պայմանագրի մասնակից պետությունների միջեւ արձանագրություն ստորագրել պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին, Ագրոբազմազանության պահպանման վերաբերյալ կոնվենցիա, հաստատել   «ԱՊՀ-ի երկրների բնակչության առողջությունը» ռազմավարությունը:

Բացի այդ, ստորագրության են նախատեսված համաձայնագրեր ԱՊՀ-ի պետություններում էլեկտրաէներգետիկայի օբյեկտներում վթարների մասին տեղեկատվության փոխանակման, ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխության մասին տեղեկատվական փոխգործակցության վերաբերյալ:  Նախատեսված է, որ Բիշքեկում կընդունվի նաեւ ԱՊՀ-ի երկրների համագործակցության կոնվենցիան քիմիական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ եւ դրա իրականացման առաջնահերթ միջոցառումների պլանը: