Եվրամիությունը կասկածի տակ է դնում Լեհաստանում իրավունքի գերակայությունը եւ սպառնում է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի նկատմամբ, հայտնում է Financial Times-ը:

Եվրահանձնաժողովը Լեհաստանի կառավարությանը մեղադրում է այն բանում, որ Սահմանադրական դատարանի հակասական բարեփոխումները հակադեմոկրատական են եւ սիստեմատիկ սպառնալիք են ներկայացնում երկրում իրավունքի գերակայությանը:

FT-ը գրում է, որ հունիսի 1-ին Եվրահանձնաժողովը ֆորմալ նախազգուշացում է տվել Լեհաստանի իշխանություններին: Սակայն  նրանք մտադիր չեն զիջել:

«Կարծիքը կարծիք է մնում, այն ոչ մի ազդեցություն չունի որոշումների վրա, որոնք ընդունվելու են Լեհաստանում: Դա Լեհաստանի խնդիրն է, եւ  մենք պետք է լուծենք այն»,- ասել է վարչապետ Բեատա Շիդլոն:

Պարբերականի տեղեկություններով, եթե այդ նախազգուշացումներին ոչ մի փոփոխություն չհետեւի, Եվրահանձնաժողովը կարող է Լեհաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել տուգանքի կամ ԵՄ նոր օրենքներն ընդունելիս ձայնից զրկելու տեսքով:

Հաղորդվում է, որ սա առաջին դեպքն է ԵՄ պատմության մեջ, երբ անդամ երկրին մեղադրում են ժողովրդավարության սասանման մեջ: