Թուրքիայի վարչապետ Բինալի Յլըդըրըմը կրկին անդրադարձել է հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին՝ այդ քվեարկությունը թուրք–գերմանական բարեկամության թեսթ անվանելով։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յլըդըրըմը հայտարարել է, թե Բունդեսթագում հայկական բանաձեւի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ զգուշացնելով թույլ չտալ, որ հայկական բանաձեւն անցնի Բունդեսթագում։
«Անգելա Մերկելն ինձ ասաց, որ հնարավորը կանի, սակայն չպետք է մոռանալ, որ Գերմանիան ժողովրդավարական երկիր է, որտեղ կա ժողովրդավարական խորհրդարան»,–պատմել է Բինալի Յըլդըրըմը՝ հավելելով, որ Գերմանիայի Բունդեսթագի քվեարկությունը կլինի թուրք–գերմանական հարաբերությունների թեսթ։




























