Հենց ավիացիայի ոլորտի զարգացման համար լավ մշակված իրավական դաշտի բացակայությունն է գլխավոր պատճառը, որ ազգային ավիաընկերությունները չեն կարողանում աշխատել Հայաստանում: Այս մասին հունիսի 2-ին հայտնել է Հայաստանի օդային տրանսպորտի հարցերով հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը՝ «Խնդիրներ Հայաստանի ավիացիայի ոլորտում՝ արդյոք ազգային ավիափոխադրողների գոյությունը առաջնայնություն է համարվում» թեմայով քննարկումների ժամանակ:

Նրա խոսքով, ներկա խնդիրները ոչ երեկ են սկսվել, ոչ էլ մեկ կամ նույնիսկ տասը տարի առաջ, այլ շատ ավելի շուտ: «Հայաստանը շատ զարգացած քաղավիացիա է ունեցել: Մենք սեփական օդանավերով փոխադրել ենք մոտ 3.5 մլն մարդու, իսկ ընդհանուր առմամբ տարեկան 5.5 մլն մարդ Հայաստանից ավիացիոն տրանսպորտից էր օգտվում: Մինչեւ 2003 թ. Հայաստանում գործում էր ԽՍՀՄ Օդային օրենսգիրքը: Խորհրդային միությունն արդեն չկար, իսկ Հայաստանում արդեն սեփական օդանավեր կային, բայց գործում էր ԽՍՀՄ օրենսգիրքը»,- հիշեցրել է Աթբաշյանը: Իսկ 2003-ին ընդունված «Ավիացիայի մասին» օրենքում, շարունակեց նա, ամենամեծ բացթողումն այն էր, որ ավիացիայի զարգացում չէր նախատեսվում: «Ոչ մի օրգան ավիացիան զարգացնելու պարտավորություն չուներ: Դրա համար էլ արդեն 10 տարի հետո, արդեն 2013-ին, մեր ավիացիան ոչնչացավ «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Ձեռնարկվեցին ավիացիան վերականգնելու փորձեր, ստեղծվեցին ավիաընկերություններ, բայց դրանք չկարողացան աշխատել Հայաստանում»,- արձանագրեց Դմիտրի Աթբաշյանը: Նրա խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանը առայսօր չունի ավիացիայի ոլորտի զարգացման համար լավ մշակված իրավական դաշտ: «Հիմա «Ավիացիայի մասին» օրենքը համալրվել է, նրանց պատկերացումով՝ կատարելագործվել, բայց եթե կարդանք վերջնական տարբերակը, նորից հնարավոր չէ գոնե մեկ բառ գտնել այն մասին, որ Հայաստանում որեւէ օրգան մտածում է ավիացիայի զարգացման մասին: Մենք երկրորդ անգամ ենք մշակել ավիացիայի մասին օրենքի նախագիծը, որը արդեն փոխանցել ենք Ազգային ժողովին»- շեշտեց Դմիտրի Աթբաշյանը: