Ես ԵՏՄ անդամակցությանը դեմ եմ քվեարկել, այսօր էլ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համարում եմ քաղաքական սխալ, բայց ես նաեւ դեմ եմ, որ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու ընթացակարգ սկսի: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, Հայաստանի ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«ԵՏՄ անդամակցության ժամանակ ասվում էր, որ առաջին հերթին լուծվում է անվտանգության խնդիր, բայց այսօր մենք տեսանք, որ անվտանգության մտահոգությունները ոչ միայն լուծված չեն, այլեւ ավելի ահագնանում են հենց ԵՏՄ կոնտեքստում: Ասում եք՝ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը չեն անդամակցել ԵՏՄ-ին, արյուն է ծորում: ՀՀ արյունը չե՞ք նկատում, որ ուրիշների դարդն եք լացում»
Հայաստանն անդամագրվեց ԵՏՄ-ին եւ արյուն է ծորում: ԵՏՄ-ն ամենավճռական պահին Հայաստանի նկատմամբ դավաճանական քայլ արեց, պատերազմի պիկին հետաձգելով Հայաստանում ԵՏՄ վարչապետերի հանդիպումը»,-նշեց Փաշինյանը:
Այդուհանդերձ, նա ասաց, որ դեմ է այսօր ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելուն: «Փորձը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքական սխալները ուղղելու ամենաճիշտ ճանապարհն այդ քայլի 180 աստիճան հակառակ քայլն անելը չէ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաք Բուշի ներխուժումը համարեցին կատաստրոֆիկ սխալ, ոչ առանց հիմքի եւ զորքերը հանեցին այնտեղին, որի հետեւանքով ստացան այն, ինչ էսօր ստացան: Դա մեծ խնդիրներ է ստեղծել աշխարհի, այդ թվում ԱՄՆ-ի համար»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով, ԵՏՄ-ում գործում է կոնսենսուսի սկզբունք. եթե ՀՀ-ն դեմ լինի, որեւէ որոշում ԵՏՄ-ում չի կայացվի: «Կա նաեւ այլ կոնտեքստ՝ ապրիլյան այս պատերազմը մեծ հավանականությամբ կապ ունի Ադրբեջանի անդամակցության հետ: ՀՀ-ն այդ լծակը չպետք է բաց թողնի ու պատեհ պահի բոյկոտի կամ հակահարված տա: Իսկ դրա համար քաղաքական կամք պետք է ունենա ՀՀ-ն, մինչդեռ Սերժ Սարգսյանը գնում է Աստանա, մի երկիր՝ Ղազախստան, որը նաեւ եղել է այդ պատերազմի նախաձեռնողը: ՀՀ իշխանությունը չունի այդ կամքը, ու ՀՀ-ն տանում են ֆորպոստի ուղղությամբ»,-ասաց ՀԱԿ պատգամավորը՝ հավելելով, որ վտանգավոր է համարում, որ «մեր մեծ ախպերը մեզ կփրկի» գաղափարը փոխարինվի «զապադ նամ պոմոժետ»-ով:
Ի վերջո օրինագծի հեղինակ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց մեկ տարով հետաձգել նախագիծը:





























