ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ցվի Հեյֆեցը կասկածում է, թե ԵԱՏՄ-ի անդամ երկրների եւ Իսրայելի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Մենք առաջ ենք գնում: Չեմ կարծում, թե կհասցնենք համաձայնագիր կնքել մինչեւ տարեվերջ:  Այժմ հարցը տեխնիկական բոլոր դետալները մշակելն է, բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի բոլոր անդամ երկրների հետ: Մենք իհարկե ջանում ենք ամեն ինչ հնարավորինս արագ անել», — «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է դեսպանը: 

ԵՏՀ-ի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան ավելի վաղ հայտնել էր, որ  2017-ին ԵԱՏՄ-ն կարող է ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ, որը բազմիցս հետաքրքրություն է հայտնել նման համագործակցության նկատմամբ: 

ԵԱՏՄ-ն գործում է 2015-ի հունվարի 1-ից, նրա մասնակիցներն են Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը: ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ցանկություն է հայտնել արդեն ավելի քան   40 երկիր եւ միջազգային կազմակերպություն, այդ թվում` Ինդոնեզիան, Հնդկաստանը, Չինաստանը, Թայլանդը, Կամբոջան, Իսրայելը: 2015-ին ԱԱԳ-ի համաձայնագիր է ստորագրվել Վիետնամի հետ: