Հալեպի Շեյխ Մակսուդ քրդական թաղամասում կատաղի մարտեր են ընթանում: Այս մասին հայտնել է Սիրիայում գործող թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ գրոհայինները զրահատեխնիկա են օգտագործում: Թաղամասը կրակի տակ են պահում «Ջաբհաթ ան Նուսրա» եւ «Ահրար աշ Շամ» խմբավորման զինյալները: Նրանք  կառավարական զորքերի վրա կրակ են բացել նաեւ Հանդրաթայի շրջանում:

Կենտրոնի ներկայացուցիչը հավելել է, որ գիշերվա ընթացքում գրոհայինները ականանետից կրակ են բացել Կաստելլո առեւտրի կենտրոնի եւ Մուհաիմ Հանդրաթ բնակավայրի ուղղությամբ:

Նախօրեին կրակոցները Շեյխ Մակսուդում խոշոր ավերածությունների պատճառ էին դարձել, զոհվել եւ վիրավորվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ: Ահաբեկիչների գրոհների պատճառով քուրդ աշխարհազորայինները ստիպված են եղել լքել իրենց դիրքերը եւ նահանջել:

Խաղաղ բնակիչները զանգվածաբար լքում են թաղամասը եւ փախչում Սիրիայի հյուսիս: