2014-ից հետո առաջին հայացքից պարադոքսային իրավիճակ է ստեղծվել: Երկու տարի առաջ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները սկսեցին կրճատվել համադրելի գներով, իսկ հետո նաեւ ընթացիկ գներով: Այսինքն՝ բնակչությունը սկսել է ավելի քիչ գումար ծախսել ապրանք գնելու վրա: Բնականաբար ոչ իր կամքով, այլ միջոցների բացակայության: Բայց, միեւնույնն է, ոչ բոլոր քաղաքացիները, այլ նրանք, որոնց արտաքին տրանսֆերտների հոսքը նկատելի պակասել է:

Թվում է, թե նման միտումներ պետք է ի հայտ գային նաեւ ծառայությունների ոլորտում: Սակայն վերջիններս ֆիզիկական ծավալը չի կրճատվել, այլ ընդհակառակը, անշեղորեն աճել է: Նշված երեւույթները նկատվել են ս.թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում: Մանրածախ առեւտրի ֆիզիկական ծավալները կրճատվել են 4.6 տոկոսով, իսկ ծառայություններինը՝ աճել 9.3 տոկոսով:

Ծառայությունների կառուցվածքում իր տեսակարար բարձր կշռով՝ 20 տոկոս, առանձնացել է «մշակույթ, ժամանց, հանգիստ» անունը կրող խումբը: Նշված ծառայություններն աչքի են ընկել դինամիկայով. տարեկան հաշվարկով աճն ավելի քան 1.4 անգամ մեծ է: Համեմատության համար նշենք, որ առողջապահության եւ սոցիալական սպասարկման ոլորտում ծառայությունների կշիռը նույն ժամանակահատվածում հատել է 4 տոկոսի շեմը, իսկ ծավալի աճի փոխարեն 1.4 տոկոս անկում է գրանցվել:

Բժշկության ոլորտի ծախսերի կրճատումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է ոչ թե բնակչության առողջության ամրապնդմամբ, այլ նշված սպառողունակության անկմամբ: «Մշակույթ, ժամանց, հանգիստ» խմբի ռեկորդը կարող է կապված լինել  ազարտային խաղերի հետ, որոնց թվում են նաեւ խաղատներն ու վիճակախաղերը:

Մյուս խումբը, որը նպաստել է ընդհանուր ցուցանիշի աճին, տրանսպորտային ծառայություններն են: Հունվար-ապրիլ ժամանակահատվածում այդ ծառայությունների ծավալն աճել է 28.6 տոկոսով, իսկ ընդհանուր ցուցանիշում դրանց բաժինը հասել է 13.4 տոկոսի: Նշենք, որ նույն ժամանակահատվածում ուղեւորափոխադրումները կրճատվել են 0.1 տոկոսով, իսկ ահա բեռնափոխադրումների քանակն աճել է 2.4 անգամ: Մասնագետները դա բացատրում են բաց հանքերի շահագործման եւ լեռնահանքային արդյունաբերության արտադրանքի փոխադրության ծավալների աճով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  այդ ոլորտի առանձին ձեռնարկություններ ձգտում են մետաղի հանքահանման կտրուկ աճով փոխհատուցել համաշխարհային գների անկումը:
Այդ ընկերությունների սեփական բեռնատար մեքենաներն արդեն չեն կարողանում դիմանալ աշխատանքի նման ծանրաբեռնվածությանը, եւ ընկերությունները դիմում են տրանսպորտային փոխադրումների ծառայություններին:

Սմբատ Գրիգորյան