Ղարաբաղի  հարցում Ռուսաստանի դիրքորոշումը պետք է ավելի որոշակի լինի:  Այս մասին Երեւանում հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը, որը ղարաբաղյան հակամարտության մասին 1995-ի զեկույցի համահեղինակն է:

Միաժամանակ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ լիարժեք սպեկտրով համագործակցել կարելի է ուժեղ սուբյեկտի հետ, որը հստակ, որոշակի դիրքորոշում ունի: Նրա կարծիքով Վլադիմիր Պուտին սուբյեկտը չունի համապատասխան սուբյեկտ:

«Նրա հետ հարաբերություններ չեն կառուցվել: Սերժ Սարգսյանը բավարար սուբյեկտ չէ: Ես Հայաստանի ներքաղաքական վերլուծությամբ չեմ զբաղվում: Հարցն այլ է. հարաբերություններ չեն կառուցվել»,- ասել է նա:

Քաղաքագետը պարզաբանել է, որ եզրակացություններ է անում փաստերով, սակայն տեղյակ չէ հանդիպումների բովանդակությունների մասին: «Անմիջական, վստահելի կապեր նրանց միջեւ չկան, դա ոչ մեկը չի թաքցնում»,- պարզաբանել է քաղաքագետը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ քաղաքագետը նշեց, որ ԼՂ խնդիրը Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանների կոնտեքստից դուրս դիտարկելը վտանգավոր է եւ անիմաստ: Իդեալական կլիներ այն իրավիճակը, որտեղ  չլինեին Մերձավոր Արեւելքում  կատարվող իրադարձությունները. կլիներ հետաձգված կարգավիճակ: Նրա խոսքով՝ չեն օգտագործվել, սակայն, անգամ եղած հնարավորությունները: «Ղարաբաղում միակ լեգիտիմ անձը Պարգեւ սրբազանն է: Նա եպիսկոպոս է: Դա նրա հոտն է, եւ նա հոգում է դրա անվտանգության մասին»,- ասել է Գեւորգյանը: