Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնի   (OCCRP) լրագրողները պնդում են, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը   2015-ին մանաթի արժեզրկման արդյունքում տասնյակ միլիոնավոր դոլարների շահույթ է ունեցել:  

ՌԲԿ-ն հայտնում է, որ OCCRP-ի հրապարակման մեջ ասված է, որ Ալիեւի ընտանիքը, ինչպես նաեւ նրան մտերիմ գործարարը   առնվազն 64 մլն դոլարի շահույթ են ստացել այն գործառնություններից, որոնք անցկացվել են 2015-ին մանաթի արժեզրկումից մի քանի օր կամ շաբաթ առաջ: 

2015-ի փետրվարին Ադրբեջանի ԿԲ-ն ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկել է մոտավորապես մեկ երրորդով, իսկ  2015-ի դեկտեմբերին անցել է լողացող փոխարժեքի, ինչի արդյունքում մանաթն արժեզրկվել է մեկ օրվա ընթացքում եւս  50 տոկոսով: OCCRP-ը նշում է, որ առաջին արժեզրկումից ընդամենը մի քանի օր առաջ ինքը` Ալիեւը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները բնակչությանը հավաստիացնում էին, որ ազգային տարադրամի փոխարժեքը կայուն կմնա: Հետաքննող լրագրողները հարց են տալիս, թե կարող էր Ալիեւն իմանալ առաջիկա արժեզրկման մասին եւ կարող էր արդյոք այդ մասին հայտնել իր ազգականներին կամ բիզնես-գործընկերոջը, որպեսզի նրանք պաշտպանեին իրենց ակտիվները կամ էլ նույնիսկ փող վաստակեին ճգնաժամից:   

Լրագրողների ուշադրությունն են գրավել այն գործառնությունները, որոնք իրականացվել են երեք բանկի միջոցով` Caspian Development Bank-ի, AtaBank-ի եւ Pasha Bank-ի: Այդ բանկերի տերերը, գրում է OCCRP-ը, Ալիեւների ընտանիքի հետ մտերիմ գործարար Աշրաֆ Քամիլովն է եւ/կամ Ալիեւների ընտանիքը: Caspian Development Bank-ը եւ AtaBank-ը կապված են Synergy Group կոնգլոմերատի հետ, որի 99 տոկոսը պատկանում է Քամիլովին, իսկ Pasha Bank-ը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի դուստրերի կողմից:   

OCCRP-ի տվյալներով, 2015-ի հունվարի վերջին Caspian Development Bank-ը, որը դրանից քիչ առաջ անցել էր Synergy Group-ի վերահսկողությանը, Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) դոլարով 52 մլն դոլարի փոխառություն է տրամադրել: Փոխառությունը տրամադրվել է հինգ տարով` 6 տոկոս տարեկան տոկոսադրույքով: OCCRP-ը պնդում է, որ վարկի նման պայմանները հարցեր են առաջացնում: Օրինակ, փոխառության գումարը գերազանցել է բանկի կանոնադրական կապիտալի  80 տոկոսը, ինչը OCCRP-ը կոչում է «Ադրբեջանի բանկային նորմատիվների ապշեցուցիչ խախտում»: Վարկի դրույքը ավելի բարձր էր, քան այն, ինչն այդ պահին  SOCAR-ի համար մատչելի էր միջազգային շուկայում: Բայց այդ գործարքը մանաթի արժեզրկման շնորհիվ  Caspian Development Bank-ին 13 մլն մանաթի շահույթ է բերել (12,5 մլն դոլար): Իսկ երբ 2015-ի վերջին մանաթը երկրորդ անգամ արժեզրկվել էր,  վարկից շահույթը աճել էր մինչեւ   39,2 մլն մանաթ (25,4 մլն դոլար):

OCCRP-ի կարծիքով մեկ այլ կասկածելի գործառնություն է տեղի ունեցել նաեւ մանաթի արժեզրկումից մի քանի օր առաջ:  Synergy Group-ի մաս կազմող  AAC LLC ընկերությունը, որը զբաղվում է շինանյութի արտադրությամբ, վերադարձրել է 60 մլն մանաթ (76,5 մլն դոլար), որոնք պարտք էր AtaBank բանկին եւ անմիջապես բանկից  մի քիչ ավելի մեծ գումարի պարտք էր վերցրել` դոլարով: Առնվազն մինչեւ 2014-ի վերջ AtaBank-ի տերը Քամիլովն էր եւ Ադրբեջանի նախագահի որդի Հեյդարի ընկերությունը:   Արժեզրկումից անմիջապես հետո գործարքը AAC-ին մոտ 20 մլն մանաթի եկամուտ բերեց (19,3 մլն դոլար): Իր հերթին AtaBank-ը, այդ սխեմայի հաշվին  61 մլն մանաթ վաստակեց, պնդում է OCCRP-ը:

OCCRP-ը   մատնանշում է  եւս մեկ բանկի 2015 թվականի արդյունքները` Pasha Bank-ի: Այս բանկը հիմնադրվել է Ադրբեջանի նախագահի կնոջ` Մեհրիբան Ալիեւայի կողմից, այժմ դրա տերերն են նախագահի դուստրերը` Արզուն եւ Լեյլան:   2015-ին բանկի շահույթը տարադրամային գործառնություններից եւ փոխարժեքային տարբերություններից կազմել է    35,9 մլն մանաթ (մոտ 28 մլն դոլար), վեց անգամ ավելին, քան մեկ տարի առաջվա ցուցանիշը: Բայց բանկը հաշիվ չի տվել կոնկրետ գործառնությունների մասին, այդ պատճառով բարդ է ասել, թե ինչ հանգամանքներում է ստացել այդ շահույթը: 

OCCRP-ը նշում է, որ Ադրբեջանի ամբողջ բանկային սեկտորը արժեզրկման եւ մի քանի ամիս անց դրան հետեւած` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու հետեւանքով կորցրել է «ավելի քան մեկ մլրդ դոլար»:

Իլհամ Ալիեւի ընտանիքը ապրիլի սկզբին արդեն լրագրողական հետաքննության առարկա է դարձել: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի լրագրողները  (ICIJ), որոնց տրամադրության տակ են հայտնվել պանամական իրավաբանական  Mossack Fonseca ընկերության փաստաթղթերը, հայտնել են, որ Ալիեւի դուստրերը` Արզուն եւ Լեյլան վերահսկոըմ են վեց ոսկի արդյունահանող ձեռնարկությունների կոնսորցիումի   56 տոկոսը: Միաժամանակ 2006 թվականին Ադրբեջանի իշխանությունները գաղտնի համաձայնագիր են կնքել, որի համաձայն նախագահի դուստրերին պատկանող ընկերությունների շահույթի   70 տոկոսը բաժին է ընկել իրենց եւ միայն  30 տոկոսը` պետությանը: