ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը չի կիսում ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանի կանխատեսումն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության հերթական բռնկում պետք է սպասել օգոստոսին՝ բերքահավաքի շրջանում:

NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով քաղաքագետի կանխատեսումը՝ պատգամավորը նշեց, որ համաձայն չէ այդպիսի հարցադրմանը: «Ինչո՞ւ հենց օգոստոսին, այլ ոչ հուլիսին կամ սեպտեմբերին: Կարծում եմ՝ լարվածության սրացում կարելի է սպասել ցանկացած պահի եւ պատրաստ լինել դիմակայել ցանկացած ոտնձգության: Ինչ վերաբերում է բերքահավաքին, ապա որոշ վայրերում այն արդեն սկսվել է, օրինակ՝ գարու բերքահավաքը: Մոտավորապես մեկ ամսից կսկսվի նաեւ ցորենի բերքահավաքը: Այդ պատճառով ես հակված չեմ լարվածությունը կապել բերքահավաքի հետ»,- նշեց պատգամավորը:

Վարդգես Բաղրյանը հիշեցրեց, որ ապրիլին նույնպես բերքահավաք չկար: «Հարցն այն է, որ երբ հակառակորդը զգա, որ կարող է թեկուզ չնչին հաջողության հասնել, սրացման կգնա: Հնարավոր է՝ հիմա զսպող գործոն կա եւ բանակցությունների սկիզբն է սպասվում, այդ պատճառով իրադրությունը հանգիստ է: Բայց երբեք պետք չէ կարծել, որ հակառակորդը հաշտվել է իրավիճակի հետ: Ավելի շուտ նա էյֆորիայի մեջ է եւ իր օգտին փոխվելու հույս ունի»,- նշեց պատգամավորը:

Ավելի վաղ ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը կանխատեսում էր հնչեցրել, որ հերթական սրացումը կարելի է սպասել օգոստոսին՝ կապված այն հանգամանքի հետ, որ ադրբեջանական կողմը կփորձի խանգարել բերքը հավաքելուն: